Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Մեր ուժը բոլորիս միասնության մեջ է

Մեր ուժը բոլորիս միասնության մեջ է
19.09.2014 | 11:59

Օրերս Էդվարդ Միրզոյանի անունը կրող կոմպոզիտորների միության Դիլիջանի ստեղծագործական տանը կայացավ կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ անցկացվող «Երաժշտական ամառ» (գեղարվեստական ղեկավար՝ ՀԿ միության պատասխանատու քարտուղար, կոմպոզիտոր Սվետլանա Ալեքսանյան) մանկապատանեկան ծրագրի եզրափակիչ փուլը:
Նախագիծն իրականացվեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Այս միջոցառումը հիանալի հնարավորություն ընձեռեց սոցիալապես անապահով, մանկատների և առողջական խնդիրներ ունեցող մոտ երկու հարյուր երեխաներին՝ անմիջականորեն առնչվելու հունիսի 28-ին, հուլիսի 12-ին կայացած գեղեցիկ համերգային ծրագրին ու կոմպոզիտոր Սվետլանա Ալեքսանյանի «Մոխրոտը» մյուզիքլին` մասնակցությամբ Ք. Քուշնարյանի (տնօրեն` Էդգար Գյանջումյան) և Հ. Դանիելյանի (տնօրեն` Նաիրա Դիվանյան) անվան արվեստի դպրոցների սաների և Երևանի պետական երաժշտական կամերային թատրոնի (գեղ. ղեկավար` Դավիթ Հակոբյան):
Այս արևացոլ խորհրդանիշը կրող նախագիծը (ձևավորող` Մենուա Կույումջյան) ոչ միայն հատկանշական խթան էր մասնակիցների համար, այլև ինքնատիպ ճանապարհորդություն դեպի Պառնաս: Պետք է լրացնել, որ նախագծին իրենց անմիջական մասնակցությունն էին ցուցաբերել նաև «Դեկարտ» մանկապատանեկան մշակութային կենտրոնը (ղեկավար` Սուսաննա Բուդաղյան) և Ք. Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի (բաժնի ղեկավար` Աննա Հարությունյան) սաները` ներկայացնելով իրենց նկարները, ձեռքի աշխատանքները:
Երրորդ (վերջնական) փուլում նրանց միացան նաև Դիլիջանի Հ. Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցի (տնօրեն` Հրեղեն Գասպարյան, դեկորատիվ կիրառական արվեստի բաժնի ղեկավար` Արմինե Պողոսյան) աշակերտները:
Ի վերջո, արդեն ընկերներ դարձած, նոր ուսումնական տարվա շեմին գտնվող նախագծի մասնակիցները ստեղծեցին գեղեցիկ աշխատանքներ արվեստի տարբեր ճյուղերում, զուգահեռաբար հանգստանալով և վայելելով դիլիջանյան հաճելի բնությունը:
Այս անմոռանալի օրն ավարտվեց տոնական համերգով, որը կայացավ Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան ստեղծագործական տան Բեթհովենի անունը կրող դահլիճում (սցենարի հեղինակ` կոմպոզիտոր Նաիրա Դիվանյան):
Հատկանշական է, որ այդ գեղեցիկ տոնական հանդիսությանը հայ ժամանակակից կոմպոզիտորների՝ Ռոբերտ Պետրոսյանի, Մելիք Մավիսակալյանի, Բաբա Թորոսյանի, Էդմոնդ Մակարյանի, Մարինե Հարությունյանի (ԱՄՆ), Սաթենիկ Թորոսյանի (ԱՄՆ), ստեղծագործություններով հանդես եկան Ա. Դիվանյանի անվան «Արևներ» մանկապատանեկան խումբը (գեղ. ղեկավար՝ Արփինե Դիվանյան), Երևանի Կ. Սարաջևի անվան երաժշտական դպրոցի (տնօրեն՝ Արմինե Պողոսյան) երգչախումբը (խմբավար՝ Անահիտ Սարգսյան, նվագակցող՝ Թամար Պողոսովա), Դիլիջանի Հ. Շարամբեյանի անվան դպրոցի պարային ստուդիայի սաները (գեղ. ղեկավար և պարուսույց Արթուր Գրիգորյան, ինչպես նաև այդ համերգի հատուկ հյուր 2011 թ. Եվրատեսիլի մանկական մասնակից` Դալիթան, որը ներկայացրեց հանդիսատեսին «Դեպի նոր մի կյանք», «WELCOME TO ARMENIA» ազդեցիկ երգերը:
Տոնախմբությունն ավարտվեց ՀՀ առաջին տիկնոջ` Ռիտա Սարգսյանի «Հույսի նավակ» երգի կատարմամբ: «Արևների», երգչախմբի ու պարային համույթի միակուռ համախմբությունը վերածվեց խանդավառության և խաղաղության ղողանջների:
Հետաքրքաշարժ էր նաև միջոցառումից հետո ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ, արվեստի վաստակավոր գործիչ ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆԻ հետ կայացած հարցազրույցը:


-Պարոն Սաթյան, որո՞նք էին այն նախապայմանները, որ նպաստեցին իրականացնելու այս ծանրակշիռ և միաժամանակ վեհ ծրագիրը:
-Կոմպոզիտորների միությունը պետք է անի ամեն ինչ՝ կապված երաժշտական ոլորտի հետ:
Մենք առաջնորդվում ենք մի սկզբունքով, որ առնչություն ունենք տարբեր սերունդների, տարբեր մտածելակերպ ունեցող մարդկանց հետ, և առաջին հերթին, չպետք է անտեսել այն կոմպոզիտորներին, առավել ևս պատանի, երիտասարդ, ովքեր այսօր կանգնած են ինքնահաստատման ստեղծագործական ճանապարհին: Այդ առումով մտահղացումը մեր մեջ ծագեց այն ժամանակ, երբ դեռ գարնանը կազմակերպեցինք Էդվարդ Միրզոյանի անվան մանկական փառատոնը, որին մասնակցում էին մինչև 15-16 տարեկան երեխաները, ովքեր և ներկայացրին իրենց ստեղծագործությունները։ Ըստ իս, միջոցառումն անցավ պատշաճ մակարդակով:
Ներկա դրությամբ մենք մեր նախընտրությունը տվեցինք այն երեխաներին, ովքեր շատ քիչ են առնչվում արվեստի հետ։ Մեզ բոլորիս հետապնդում էր մեկ նպատակ՝ ինչպես առողջ երեխաները, այնպես էլ, դժվարանում եմ արտահայտվել, արատ ունեցող, ինքնամփոփ մանուկները ունենային իրար հետ շփվելու և ինչ-որ չափով հնարավորություն մուտք գործելու ստեղծագործական աշխարհ:
Եվ, իմ կարծիքով, հատկապես վերջին փուլը խորհրդանշեց «Երաժշտական ամառ» նախագծի մարդասիրական և միաժամանակ հոգևոր տենչը: Երեխաները կարծես իրենց զգում էին մի ընտանիքում, ուր տիրում էին սերն ու խաղաղությունը:
Եվ գուցե պատահական չէր այն հանգամանքը, որ բժիշկները, ովքեր ուղեկցում էին նրանց, խոստովանեցին, որ մեզնից շատ բան սովորեցին:
-Հիշյալ նախագիծը, ըստ Ձեզ, կդառնա՞ ազդակ միություններին կից նմանատիպ կրթօջախներ ստեղծելու համար։
-Ոչ, որովհետև այդ ամենը կապված է հսկայական ծախսերի հետ: Եվ, իմ կարծիքով, Ձեր առաջարկած գաղափարը պարզապես պատրանք է, սակայն չի բացառվում, որ որոշ պետական և մասնավոր ձեռնարկություններ, որոնք ներկա դրությամբ զբաղված են նման երեխաների կրթությամբ և զարգացմամբ, կարող են որոշակի ձևով կազմակերպել այդ խնդրի լուծման գործընթացը:
-Վերջերս հայաստանյան տարբեր բեմահարթակներից հնչում է ՀՀ առաջին տիկնոջ` Ռիտա Սարգսյանի «Հույսի նավակ» երգը (խոսք՝ Ավետ Բարսեղյանի), որն ի սկզբանե ստեղծվել է «Նվիրիր կյանք» առողջական խնդիրներ ունեցող երեխաների հիմնադրամի շրջանակում: Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետն այս ուղղությամբ:
-ՀՀ առաջին տիկնոջն առաջնահերթ պետք չէ ընկալել միայն իբրև քաղաքական դեմք կամ էլ իր երկրի քաղաքացի: Տիկին Ռիտա Սարգսյանին ես ընդունում եմ որպես լավ, հոգատար մարդու, ով աչքի է ընկնում զգացմունքայնությամբ, լի է ստեղծագործական ավյունով: Իսկ ես այսպիսի մարդկանց երկրպագուն եմ:
-Այսօր տարբեր միջոցառումներ, որոնք կազմակերպվում են Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, կամա թե ակամա առնչվում են երաժշտության սոցիոլոգիայի մշակման խնդիրների հետ: Ինչպիսի՞ աշխատանքներ են տարվում ներկա դրությամբ ձեր միության կողմից մեր բնակչության տարբեր խավերի մեջ բարձր երաժշտական ճաշակ զարգացնելու ուղղությամբ:
-Ես ընդհանրապես կարծում եմ, որ ուժեղ է այն երկիրը, որն ունի բարձր արվեստ: Եթե պետությունը ավելի շատ ուշադրություն դարձնի միություններին, ապա կունենանք պատրաստված քաղաքացիներ ոչ միայն արվեստի, այլև քաղաքականության մեջ:
Պարզ մի օրինակ. օգոստոսի 28-ին ավարտվեց մեր միջոցառումը Դիլիջանում, իսկ ընդամենը երկու օր անց միության երեք կոմպոզիտորներ` Արզաս Ոսկանյանը, Գրիգոր Առաքելյանը, Սվետլանա Ալեքսանյանը, համերգ ունեցան Իջևանում տեղակայված ռազմական գնդերում: Իսկ առջևում մեր միության ծրագրերում ընդգրկված մի շարք փառատոներ են ու համագործակցությունը որոշ միջազգային կազմակերպությունների հետ: Այսինքն, մեր կապը տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ պետք է լինի շարունակական և արդյունավետ:
Բոլորս պետք է հասկանանք, որ արվեստը ոչ միայն կարող է ամոքել, ձևավորել հոգևոր արժեքներ, այլև նպաստել մեր հոգևոր միասնությանը, որովհետև մեր ուժը բոլորիս միասնության մեջ է. որքան հարուստ է քաղաքացու ներաշխարհը, այնքան նա իր հողի նվիրյալն է:


Նանա ՄԱՐԳԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1883

Մեկնաբանություններ